Մորս
Երազ տեսա, մենակ էինք,
Մայրս հաց էր ինձ բերում,
Ու ժպտում էր մի պարզ երկինք,
Մոր՜ս վճիտ աչքերում:
Մայրս այնպե՜ս բարի ու հեզ,
Ինձ առել էր իր հոգում,
Համբույրներով լույս ու հրկեզ,
Ցավերըս էր ամոքում:
Բաց երկնքից, լույսի մի շող,
Անմար մի շող ահագին,
Աստվածային ձայնով կանչող,
Իջավ մորս ճակատին:
Եւ բացվեցին դռներն անտես,
Երկինքն օրհնեց առհավետ
Ա՜խ մայրիկս` սուրբ էր ասես,
Աստվա՜ծ խոսեց մորս հետ:
Վախից կարծես մի բուռ դառա,
Արթնանալով ասի վերջ...
Մորս ձայնը նորի՛ց առա
Աստվա՛ծ լցվեց հոգուս մեջ:
Հովհաննես Եգոյան